Սույն թվականի ապրիլի 10-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվում է «Հայաստանի պայթյունավտանգ զինամթերքից տուժած համայնքների անվտանգության և ապահովության նպատակով մաքրման գործողություն» (EU CASSIA) ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել հողերի ազատման գործողություններ ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով 9 ականազերծող ապրիլի 15-ից 30-ը ՀԱՓԿ ՊՈԱԿ-ում մասնակցել է վերապատրաստման դասընթացների, բարեհաջող հանձնել մասնագիտական քննությունը և միացել ծրագրի իրականացման թիմին՝ համալրելով դաշտային գործողություններ իրականացնող անձնակազմը։
Ականների և պատերազմի պայթյունավտանգ մնացորդների առկայությունը հանգեցնում է լուրջ մարդասիրական և սոցիալ-տնտեսական հետևանքների։ Մաքրման գործողությունները կարևորագույն նշանակություն ունեն անվտանգության վերականգնման, բնակչության ազատ տեղաշարժի ապահովման և տուժած համայնքների տնտեսական վերականգնմանը նպաստելու տեսանկյունից։ Մեր առաքելությունն է ապահովել անվտանգ միջավայր և աջակցել տուժած բնակչության կայուն զարգացմանը։
