Ականային խնդիրը Հայաստանի Հանրապետությունում առաջացել է 1988-1994թթ. Արցախյան ազատամարտից հետո:
Հայաստանի Հանրապետությունում հումանիտար ականազերծման աշխատանքները մեկնարկել են 2002 թվականին: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության Մարդասիրական ականազերծման կենտրոնը, որի շրջանակներում ականազերծման աշխատանքներն իրականացնում էին ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերը:
Հետագայում, ՀՀ-ում հումանիտար ականազերծման աշխատանքների իրականացումը ստանձնել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ականազերծման բնագավառում մասնագիտացած «Ռոնկո» ընկերությունը։ Հիմնադրումից ի վեր Կենտրոնը զբաղվել է ՀՀ կասկածելի տարածքների ուսումնասիրման, քարտեզագրման և տվյալների շտեմարան ստեղծելու խնդիրներով։ 2007 թվականից Կենտրոնը շարունակել է իրականացնել ականազերծման աշխատանքներ, սակայն դրանք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Արդյունքում դոնորների կողմից ֆինանսական միջոցներ չեն տրամադրվել, որի պատճառով 2009 թվականից ականազերծման աշխատանքները դադարեցվել են։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ստանձնելով ականային խնդրի պատասխանատվությունը, հակաականային գործունեության համակարգման նպատակով, 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշմամբ ստեղծել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը («ՀԱՓԿ» ՊՈԱԿ):
ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8֊ի N1283-Ա որոշմամբ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը նշանակվել է որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի ականազերծման ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համագործակցող մարմին, նպատակ ունենալով խթանել ՀՀ տարածքի ականազերծման աշխատանքների կատարման միջազգային դոնորական աջակցությունը:
ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 454 -Ն որոշմամբ հաստատվել են Հակաականային գործողությունների ազգային չափորոշիչները (ՀԱԳԱՉ), իսկ նույն որոշման 2-րդ կետով «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը ճանաչվել է Ականազերծման գործողությունների ազգային մարմին (ԱԳԱՄ):