Ոչ տեխնիկական հետազոտության արդյունքում հաստատված և/կամ կասկածելի վտանգավոր տարածքները նշագրվում են։
Ականների և չպայթած զինամթերքի (ՉԶ) նշագրումը կատարվում է վտանգի մասին տեղի բնակչությանը պարզ և հստակ ձևով զգուշացնելու, իսկ հնարավորության դեպքում` ֆիզիկական խոչընդոտներ տեղադրելու միջոցով` վտանգավոր տարածք անզգուշաբար մուտք գործելու հնարավորությունը բացառելու համար:
Նշագրման նպատակն է կանխարգելել մարդկանց մուտքը վտանգավոր տարածքներ՝ դրանով իսկ բացառելով հնարավոր ականային պատահարները։
Գոյություն ունեն նշագրման երեք հիմնական համակարգեր`
1) մշտական նշագրման համակարգեր, որոնք օգտագործվում են նշագրելու ականների և ՉԶ վտանգի այն տարածքի շրջագիծը, որի ականազերծումը հրատապ չէ: Մշտական նշագրման համակարգերի կառուցվածքը ներառում է նշագրերի, նշանների և ֆիզիկական խոչընդոտների համադրում, որոնք հստակ ցույց են տալիս ականների և ՉԶ վտանգի տարածքի սահմանները.
2) ժամանակավոր նշագրման համակարգեր, որոնք օգտագործվում են նշագրելու ականների և ՉԶ վտանգի այն տարածքի շրջագիծը, որի ականազերծումը հրատապ է: Այս համակարգում կիրառվում են ֆիզիկական խոչընդոտները.
3) հանպատրաստից նշագրման համակարգեր, որոնք սովորաբար տեղադրվում կամ կառուցվում են տեղական բնակչության կողմից: Դրանք կարող են օգտագործվել նաև ականազերծող կազմակերպությունների կողմից, եթե առկա չեն սահմանված նշաններ մշտական կամ ժամանակավոր նշագրման համակարգեր տեղադրելու համար:
Իրականացված աշխատանքներ
2016 թվականից «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 26 համայնքներում նշագրվել է 79 վտանգավոր տարածք՝ տեղադրվել են վտանգի մասին նախազգուշացնող 1464 վահանակներ, իսկ վտանգավոր տարածքները շրջափակվել 20 790 ժապավեններով: