Հողատարածքը համարվում է «մաքրված», երբ ականազերծող կազմակերպությունն ապահովում է որոշակի տարածքից և որոշակի խորությունից բոլոր ականների և ՊՊՄ հեռացումը և/կամ վերացումը: Տարածքի մաքրման ենթակա լինելը որոշվում է ոչ տեխնիկական կամ տեխնիկական հետազոտության արդյունքում, որը ցույց է տալիս ականների և պայթուցիկ մնացորդների առկայության մակարդակն այդ տարածքում:
Մաքրման առաջնահերթությունները սահմանվում են կոնկրետ համայնքի վրա ունեցած ազդեցությունը ուսումնասիրելու և գնահատելու միջոցով:
2022 թվականի ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները տարեկան պլանով նախատեսված 50 000 մ² փոխարեն ականներից և չպայթած զինամթերքից մաքրել են 793 860 մ² մակերեսով տարածք (Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայր՝ 146 308 մ² և Սիսիան-Քաջարան ճանապարհ՝ 647 552 մ²):
2023 թվականին Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ, Կեչուտ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Գեղամասար բնակավայրերում պայթյունավտանգ զինամթերքներից մաքրել են ընդհանուր 234 192 մ² աղտոտված տարածք։