ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՈՉ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Ոչ տեխնիկական հետազոտությունը (ՈՏՀ)՝ ականների/պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) առկայության կամ դրանց ժխտման մասին տեղեկատվության հավաքումը և վերլուծությունն է՝ առանց տեխնիկական միջոցների: Ոչ տեխնիկական հետազոտություն իրականացնելու և դրանց հիման վրա որոշումների ընդունման կարգը սահմանում է ԱԳԱՄ-ը:

Ոչ տեխնիկական հետազոտության նպատակն է՝
- ԿՎՏ/ՀՎՏ դասակարգման վերաբերյալ եզրակացություն ստանալը.
- տարածքի ռիսկը ժխտելու (կրճատելու) վերաբերյալ եզրակացություն ստանալը.
- գերակայությունների սահմանման գործընթացին աջակցելը:
 

ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՈՏՀ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Մինչև 2021 թվականը «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից իրականացրած գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում առկա էր մոտ 17 898 786 մ2 մակերեսով հաստատված և կասկածելի վտանգավոր տարածքներ: 
2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների, ինչպես նաև 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով հրետակոծվել ու հրթիռակոծվել են ՀՀ սահմանամերձ բազմաթիվ բնակավայրեր ու դրանց հարակից տարածքներ, որի հետևանքով առաջացել է պայթուցիկ զինամթերքով աղտոտվածության նոր մակարդակ: Ստեղծված նոր մարտահրավերները հաշվի առնելով, 2022 թվականին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից նախատեսվեց ու ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում իրականացվեց լայնամասշտաբ ոչ տեխնիկական հետազոտություն: Այս աշխատանքները «ՀԱՓԿ» մասնագետներն իրականացրեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նշյալ ՈՏՀ գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում հայտնաբերվել ու արձանագրվել են պայթուցիկ մնացորդներով աղտոտված հաստատված և կասկածելի վտանգավոր նոր տարածքներ՝ 22 141 890 մ² մակերեսով:

2022թ. տարեվերջյան տվյալներով ՀՀ-ում ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում էր 39 241 419 մ²։ 

2023 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված ևս 2 նոր հաստատված վտանգավոր տարածք՝ 3 190 188 մ² մակերեսով։

Արդյունքում, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում առկա է 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ։ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։