Ս․թ․ Մարտի 30-ից ապրիլի 2-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնը «Հայկական Կարմիր խաչ ընկերության» 22 կամավորների համար կազմակերպել է «Ականների վտանգի իրազեկում» թեմայով վերապատրաստման դասընթացներ:
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները վերապատրաստել են ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերից և Երևանից ներգրավված ՀԿԽԸ կամավորներին՝ նրանց փոխանցելով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ ականների և պատերազմի պայթյունավտանգ մնացորդների ճանաչման, վտանգների իրազեկման և ռիսկերի նվազեցման վերաբերյալ։ Կազմակերպվել են նաև գործնական վարժանքներ՝ «ԱՎԻ նյութերի մշակում» և «ԱՎԻ նյութերի ներկայացում» թեմաներով։ Դասընթացներն իրականացվել են հակաականային գործունեության միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխան։
Դասընթացն ավարտած կամավորները ստացել են հավաստագրեր, և մեկ տարվա ընթացքում ՀՀ ականներով և պայթյունավտանգ զինամթերքով աղտոտված մարզերում կանցկացնեն դասընթացներ՝ նպատակ ունենալով բարձրացնել տեղացիների իրազեկվածությունը և խրախուսել անվտանգ վարքագծի կանոնների կիրառումը։
