Ս․թ․ հունիսի 24-ից 26-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետություն ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների ականազերծման փորձագետների խմբին։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հաստատմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել հակաականային գործունեության ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցությունը։
- Հայ-Ամերիկյան համագործակցությունը հակաականային ոլորտում սկիզբ է դրվել դեռևս 2002 թվականին, որն ինչ-ինչ պատճառով ընդհատվել էր, և մենք այսօր ուրախ ենք՝ կրկին վերսկսել փոխգործակցությունը։ Վերջին երեք տարիների ընթացքում մեր կարողությունները բավականին աճել են և ավելացել է կատարվող աշխատանքների ծավալը: Այսօր «ՀԱՓԿ» ՊՈԱԿ անձնակազմը ներգրավվել է նաև սահմանագծման և սահմանազատման արդյունքում ի հայտ եկած ականապատ տարածքների հումանիտար ականազերծման աշխատանքներին: Ականաներով և չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների պատճառով տուժում են գյուղացիները, այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք տարածքների հնարավորինս արագ մաքրումը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան առավել ազատ ու անվտանգ տեղաշարժվել և մշակել հողերը։ Իհարկե, այս ամենն իրականություն է դառնում արհեստավարժ և հմուտ մասնագետների շնորհիվ, ովքեր կրթվում ու վերապատրաստվում են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում, որը մշտապես զարգացման և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցման կարիք ունի:
Հանդիպման ընթացքում ԱՄՆ փորձագետներին տեսաներկայացման միջոցով ներկայացվել է հումանիտար հակաականային ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև «ՀԱՓԿ» ուսումնական կենտրոնի կարողությունները։
ԱՄՆ փորձագետներն իրենց պատրաստակամությունն են հայտնել վերագործարկելու «ՀԱՓԿ» ՊՈԱԿ հետ համագործակցությունը` հումանիտար հակաականային ոլորտում։
- Այո, մենք տեղյակ ենք, որ ժամանակին մարդասիրական ականազերծման կենտրոնը համագործակցել է ԱՄՆ պետդեպարտամենտի ծրագրերից մեկի հետ, որը սակայն դադարեցվել է։ Մենք ուրախ կլինենք վերսկսելու և ընդլայնելու մեր համագործակցությունը,- նշել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հումանիտար ականազերծման ուսումնական կենտրոնի ներկայացուցիչ, ծրագրի վերլուծաբան Քրիստոֆեր Քլեյրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և հումանիտար հակաականային ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։
Պաշտոնական այցի շրջանակներում կատարվել է նաև դաշտային այցելություն։ Պատվիրակությունը, «ՀԱՓԿ» ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայր, որտեղ «ՀԱՓԿ» ականազերծողներն իրականացնում են մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքներ։
Հյուրերը, «ՀԱՓԿ» ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել են ՀՀ ՊՆ և պաշտոնական հանդիպում ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար պաշտոնյաների հետ։
ԱՄՆ փորձագետները նաև այցելել են Հայաստանի պատմամշակութային վայրեր։