ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի միջազգային գորունեությունը

27.05.2024

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի պատվիրակությունը մարտ ամսին, միջազգային համագործակցության շրջանակներում, մասնակցել է Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում տեղի ունեցած «Եվրոպական հումանիտար ֆորում»-ին։
Նախկինում «ՀԱՓԿ»-ի կողմից մի քանի անգամ բարձրաձայնվել էր Հայաստանում հակաականային ոլորտում առկա խնդիրները, որը հիմք հանդիսացավ, այս ֆորումի շրջանակներում, առաջին անգամ անցկացնել «Հակամարտության ընթացքում բնակչության պաշտպանվածությունը, վերականգնումը և պայթուցիկ  զինամթերքի առկայությունը բնակավայրերում» խորագրով պանելային քննարկում։ Դրա ընթացքում «ՀԱՓԿ»–ը ներկայացրել է ՀՀ–ում հումանիտար հակաականային ոլորտում առկա իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հարցը, փաստելով, որ վերջիններիս  շրջանում կան պայթուցիկ զինամթերքից հարյուրավոր տուժածներ, որոնք գտնվում են սոցիալապես խոցելի վիճակում։
Ս․թ․ ապրիլի 8-ից 12–ը «ՀԱՓԿ» պատվիրակությունը մասնակցել է Խորվաթիայում կայացած «Հակաականային գործունեության 20–րդ միջազգային սիմպոզիում»-ին։ Մեր ներկայացուցիչները հանդես են եկել ելույթով և ներկայացրել «ՀԱՓԿ» կողմից  ստեղծված «Կանաչ պիտակ» և «Կանաչ հակաականային գործունեություն» նորարարական ծրագրերը։ Դրանք հետաքրքրել են ներկաներին, որոնց առաջարկով քննարկվել են այդ ծրագրերի շրջանակներում հետագա հնարավոր համագործակցության հարցերը։ 
Ս․թ․ ապրիլի 28–ից մայիսի 2–ը «ՀԱՓԿ» ղեկավար կազմը պաշտոնական այցով գտնվել է Ժնևում` «Հակաականային գործունեության ազգային կենտրոնների տնօրենների և ՄԱԿ-ի խորհրդականների 27-րդ միջազգային հանդիպման»-ը մասնակցելու նպատակով։ Խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում մի քանի կետերի (տարածաշրջանային համագործակցություն, նորարարություն, շրջական միջավայր) շուրջ ծավալված քննարկումների ժամանակ «ՀԱՓԿ» պատվիրակությունը ներկայացրել է արդեն երկրորդ տարին ՀՀ-ում հակաականային ոլորոտում իրականացվող նորարարական մոտեցումները՝ «Կանաչ պիտակ» և «Կանաչ հակաականային գործունեություն» ծրագրերը։ «ՀԱՓԿ» պատվիրակներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել հակաականային գործունեություն իրականացնող մի շարք ազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և քննարկվել են համագործակցության ուղիները։ Մասնավորապես, կնքվել է փոխըմբռնման հուշագիր Լիբանանի հակաականային գործունեության կենտրոնի հետ` հումանիտար հակաականային գործունեության ոլորտում համագործակցության վերաբերյալ։
«ՀԱՓԿ» ղեկավար կազմը նաև հանդիպում է ունեցել Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ա․Հովհաննիսյանի հետ` քննարկվել են ՀՀ–ում հակաականային գործունեության վերաբերյալ հարցերը և միջազգային հարթակներում դրանք ներկայացնելու կարևորությունը։ 

Տեքստ