ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է «2022 թվականի աշխատանքների ամփոփում և 2023 թվականին նախատեսվող ծրագրեր» թեմայով տարեվերջյան ամփոփիչ աշխատաժողով

20.12.2022

Ս․թ․ դեկտեմբերի 16-ին ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է «2022 թվականի աշխատանքների ամփոփում և 2023 թվականին նախատեսվող ծրագրեր» թեմայով տարեվերջյան ամփոփիչ աշխատաժողով։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը, ՀՀ նախարարությունների և ծառայությունների պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն-տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ մարզպետարանների ղեկավար աշխատակիցներ, ինչպես նաև հակաականային գործունեության ոլորտի շահագրգիռ անձինք:

Բացման խոսքով հանդես եկան «Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն-տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հակաականային ոլորտում 2022 թվականին ՀՀ-ում կատարված աշխատանքների արդյունքները, մատնանշեց առկա մարտահրավերներն  ու 2023 թվականին նախատեսվող ծրագրերը։

«2022 թվականը բավական հագեցած էր, աշխատանքները բազմաբովանդակ էին և ծավալուն՝ կառուցվածքային փոփոխություններից մինչև հակաականային ոլորտի ռազմավարության մշակման գործընթացը։ Գրանցվել է կատարված աշխատանքի արդյունքների շոշափելի աճ՝ համեմատած նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշների հետ: Օրինակ.- 2022թ. տարեկան պլանով նախատեսված 50 000 մ² փոխարեն ՀՀ մարզերում ականներից ու պայթունավտանգ մնացորդներից մաքրել  է 135 256 մ² տարածք, ներկայումս ևս մաքրման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի մերձակայքում։ Ընթացիկ տարում ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերի տարածքներում իրականացրել են նաև ոչ տեխնիկական հետազոտության աշխատանքներ՝ պարզելու ականներով և պայթունավտանգ մնացորդներով աղտոտվածության մասշտաբերները: Սակայն 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետակոծվել ու գնդակոծվել են ՀՀ մարզերի բազմաթիվ բնակավայրեր ու հարակից տարածքներ, որը պահանջեց կրկին անգամ անցկացնել ոչ տեխնիկական հետազոտութուն, ինչը ներկայումս իրականացվում է։ Այս աշխատանքներին զուգահեռ՝ մարդկանց իրազեկվածության բարձրացման և անվտանգ վարքագծի կանոների ձևավորման համար, մարզերի սահմանամերձ համայնքերում և ՀՀ այլ բնակավայրերում կազմակերպվել են դասընթացներ՝ ընդհանուր առմամբ ուսուցանվել են 10 276 քաղաքացիներ։ Շատ կարևոր է ստեղծել տեղեկատվական բազա, որպեսզի ականներով ու չպայթած զինամթերքով աղտոտված տարածքներ ունեցող բնակավայրերում տարաբնույթ ծրագրեր նախատեսվելու պարագայում ՏԻՄ մարմինները «ՀԱՓԿ»-ին տեղեկացնեն այդ մասին, որպեսզի այդ բնակավայրերում առաջնահերթ կատարվեն մաքրման աշխատանքներ:  Վերջերս հրավիրված էի «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովին, որտեղ քննարկվում էին մարզում նախատեսվող տարբեր հիանալի ծրագրեր, սակայն հաշվի չէր առնվել տարածքների աղտոտվածության հանգամանքը: Այստեղ ունենք անելիք՝ պետք  տարվեն աշխատանքներ մարզպետարանների հետ մշտական կապն ապահովելու, անհրաժեշտ տեղեկատվությամբ փոխանակվելու և սահմանամերձ բնակավայրերում իրականացվելիք ծրագրերի առաջնահերթությունները համատեղ քննարկելու ուղղությամբ:

Այս աշխատաժողովն այսուհետ կոչված է դառնալու քննարկումների, պլանավորումների և հաշվետվություների մի հարթակ, որը կհզորացնի համագործակցությունը միջազգային և ՀՀ հասարակական կազմակերպությունների, մարզերի, շահագրգիռ գերատեսչությունների հետ։ Համոզված եմ, որ դա կտա իր արդյունքը և դրական ազդեցություն կունենա սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա», - նշեց Վաղինակ Սարգսյանը։   

Տեսաներկայացման ձևաչափով կատարած աշխատանքների հաշվետվություն ներկայացրել են ինչպես «ՀԱՓԿ», այնպես էլ «ՀԱՓԿ»-ի հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների մասնագետներ։

Աշխատաժողովի ավարտին ինտերակտիվ հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են հակաականային գործունեության արդի խնդիրները Հայաստանի Հանրապետությունում, դրանց լուծման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ հետագա համագործակցության ուղիները։