ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աշխատակիցների համար կազմակերպվել է «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով դասընթաց

10.11.2022

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում սթ նոյեմբերի 7-ից 9-ը «ՀԱՓԿ» ուսումնական կենտրոնում (առաջին անգամ միջազգային օպերատորի համար) ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի 15 աշխատակիցների համար կազմակերպվել է «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով դասընթացավարի որակավորման ուսուցում։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ հրահանգիչները մասնակիցներին ծանոթացրել են պայթուցիկ զինամթերքի տեսակներին ու դրանց վտանգներին, և համաձայն հումանիտար ականազերծման ազգային և միջազգային չափորոշիչների ուսուցանել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մեթոդները։

Նոյեմբերի 9-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել տեսական և գործնական քննությունները բարեհաջող հանձնած ՊՀԾ աշխատակիցներին պաշտոնապես հավաստագրեր շնորհելու արարողությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

Վաղինակ Սարգսյանն իր խոսքում նշել է

- Կարևորում եմ մեր համագործակցության ամրապնդումը և վստահ եմ, որ նոր մասնագիտական կրթություն ստացած ՊՀԾ աշխատակիցները մարզային այցելությունների ժամանակ տեղի բնակիչներին կփոխանցեն իրենց ստացած գիտելիքներն անվտանգ վարքագծի կանոնները պահպանելու մասին, դրանով իսկ բարձրացնելով մարդկանց իրազեկվածության մակարդակը։

Նաննա Սկաուն իր հերթին շեշտել է մասնագետների որակավորման դասընթացների կարևորությունը։ Նա ասել է «Հումանիտար ականազերծումն ունի անմիջական կապ սննդի անվտանգության ոլորտի հետ։ ՀՀ տարածքները գյուղատնետեսական և անասնապահական նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ է մաքրել պայթուցիկ զինամթերքից, այդ պատճառով Պարենի համաշխարհային ծրագիրը համագործակցում է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ հետ։ ՊՀԾ-ի անձնակազմի մեծ մասն աշխատում են դաշտերում, այս պահին էլ դաշտերում են, անմիջական և ամենօրյա կապ ունեն համայնքի հետ։ Այս դասընթացներից ստացած գիտելիքները կօգնեն մեր աշխատակիցներին համայնքի հետ առավել արդյունավետ աշխատանքներ իրականացնելու և իրազեկելու տեղի բնակիչներին հնարավոր ռիսկերի մասին։ Մարդկանց կյանքի որակի բարելավման և անվտանգությունն ապահովելու համար մենք կարևորում ենք նրանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը»։

Այսպիսով, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի կողմից հավաստագրված ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի որակավորված մասնագետներն իրավունք ունեն ՀՀ մարզերում իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։