ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կազմակերպել են «Ոչ տեխնիկական հետազոտության արդյունքների ամփոփում» թեմայով կլոր սեղան

17.10.2022

Հոկտեմբերի 14-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել են «Ոչ տեխնիկական հետազոտության արդյունքների ամփոփում» թեմայով կլոր սեղան։

Խոսքով հանդես են եկել «Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը։

 «Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ-ում 2022 թվականին իրականացված աշխատանքները՝ կարևորելով  Միացյալ Թագավորության դեսպանատան և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դերն ու ցուցաբերած աջակցությունը ՀՀ-ում ականների և պայթուցիկ զինամթերքի վտանգավոր հետևանքների նվազեցման գործում։ 

«2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ԶՈՒ կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հրթիռակոծվել և ռմբակոծվել էին ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրեր, որի արդյունքում առաջացել էր ականներով և պայթուցիկ զինամթերքով նոր աղտոտվածություն։ Դրանց տեսակը, մասշտաբը և սոցիալ-տնտեսական ազդեցությունը բացահայտելու, ինչպես նաև նախկին տվյալները թարմացնելու նպատակով, անհրաժեշտություն էր առաջացել ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգ ունեցող համայնքներում իրականացնել հետազոտություն: Այս կապակցությամբ ՄԱԿ—ի Զարգացման ծրագրի «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում 2022թ․ մեկնարկեցին ոչ տեխնիկական հետազոտության աշխատանքները։ Արդյունքում, ՀՀ մարզերում առանձնացվեցին ականներով և պայթուցիկ զինամթերքով աղտոտված 468 157 մ² մակերեսով նոր տարածքներ։ Ս․թ․ սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ դեմ իրականացրած ագրեսիայի արդյունքում հրետակոծվել են Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, ինչի հետևանքով ականներով և պայթուցիկ զինամթերքով աղտոտվածության մասշտաբներն ավելացել են։ Այս փաստը պահանջում է գործադրել հավելյալ ջանքեր՝ տվյալ տարածքները ականներից ու պայթուցիկ զինամթերքից մաքրելու համար»,- նշել է Վաղինակ Սարգսյանը։

Միջոցառման ընթացքում, ոչ տեխնիկական հետազոտության արդյունքներն ու հակաականային գործունեության ոլորտում իրականացրած աշխատանքներն ամփոփելով, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետները փաստել են․ ՀՀ չորս մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Տավուշում ականներով և պայթուցիկ զինամթերքով աղտոտվածության ընդհանուր տարածքը կազմել է 18 310 345 մ²։ 2022թ․-ին մաքրվել և ինքնակառավարման մարմիններին է հանձնվել 135 256 մ² տարածք (Սյունիքի մարզի, Դավիթ Բեկ գյուղ)։ Պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկվել է 7 238 քաղաքացի, որի ընթացքում նաև ճշգրտվել ու թարմացվել են ՀՀ-ում ականների պայթյունից տուժածների թիվը, որը կազմել է 829 քաղաքացի։

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստանում հակաականային գործունեության ոլորտի խնդիրները, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ համայնքներում ականային և պայթուցիկ զինամթերքով աղտոտվածության պատճառով առաջացած հրատապ լուծման ենթակա հարցերը։