Ս.թ. մայիսի 19–26-ը «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավորած աշխատանքային խումբն աշխատանքային շրջայցեր է իրականացրել Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ականազերծման տեղամասեր՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին, գնահատելու կատարված աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև քննարկելու առկա խնդիրներն ու հետագա անելիքները։
Շրջայցերի ընթացքում հանդիպումներ են ունեցել տեղամասերի պատասխանատուների և ականազերծողների հետ, ծանոթացել կատարված աշխատանքների ծավալներին, անվտանգության պահանջների պահպանման ընթացքին, ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառման արդյունավետությանը։
Բարձր է գնահատվել մասնագետների պատասխանատու, բարեխիղճ և հետևողական աշխատանքը՝ ընդգծելով անվտանգ և որակյալ ականազերծման աշխատանքների կարևորությունը։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը շարունակում է իր գործունեությունը՝ նպաստելով անվտանգ միջավայրի ձևավորմանը, ականային վտանգների նվազեցմանը և բնակչության անվտանգության ապահովմանը։
