2005 թվականից ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից հռչակվել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»։ Այդ կապակցությամբ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ ապրիլի 8-ին կազմակերպել է «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակ»-ի ամենամյա աշխատաժողովը։
Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի և Շվեյցարիայի դեսպանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և նրա տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ԵՄ արտաքին քաղաքականության գործիքների ծրագրի ղեկավար Ջուզեպպինա Գրիլլոն (առցանց), Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեն, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՀՀ ԱԳՆ, ԿԳՄՍ, էկոնոմիկայի նախարարությունները, ՆԳՆ փրկարար ծառայությունը, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարանների ներկայացուցիչները, ՄԱԶԾ-ն, ՄԱԿ-ի ՊՀԾ, UNICEF-ը, մի շարք հասարակական կազմակերպություններ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» տնօրենի ԺՊ Էդուարդ Պետրոսյանը կարևորել է հարթակի դերակատարությունը ոլորտային քաղաքականությունների ձևավորման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում՝ ներկայացնելով 2026 թվականի նախատեսվող աշխատանքային ուղղությունները։ Նա ընդգծել է նաև ՄԱԶԾ-ի և այլ գործընկերների աջակցությամբ իրականացված ծրագրերի նշանակությունը՝ հատկապես վտանգավոր տարածքների նվազեցման և կարողությունների զարգացման ոլորտում։
Քննարկվել են հակաականային գործունեության ոլորտի առաջնահերթությունները, առկա մարտահրավերները և միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԱՄՆ-ի կողմից իրականացվող պայթուցիկ զինամթերքի վնասազերծում (EOD) դասընթացներին, ինչպես նաև ՄԱԶԾ-ի և Ժնևի Մարդասիրական ականազերծման միջազգային կենտրոնի (GICHD) հետ համատեղ ծրագրերին։
Հարթակի նիստի ընթացքում ներկայացվեց նաև նորարարական՝ AR/VR տեխնոլոգիաների վրա հիմնված ականազերծման ուսուցման սիմուլյացիոն մոդուլը, որը նպատակ ունի բարձրացնել ականազերծողների մասնագիտական կարողությունները և ուսուցման արդյունավետությունը։
Եզրափակելով՝ ընդգծվեց «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի և Հարթակի մասնակից կազմակերպությունների միջև համագործակցության շարունակական զարգացման և տեղեկատվության արդյունավետ փոխանակման կարևորությունը՝ հատկապես մարզերում իրականացվող ծրագրերի համակարգման նպատակով։
«Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակի» խորհրդի նախագահ ընտրվեց «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրենի ԺՊ Էդուարդ Պետրոսյանը: