2005 թվականից ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ճանաչվել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»։ Այս առիթով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը («ՀԱՓԿ»), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցության արդյունքում, ս․թ․ ապրիլի 3-ին կազմակերպել էր «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակ»-ի ամենամյա աշխատաժողով։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։
Տնօրեն Վաղինակ Սարգսյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց օրվա կապակցությամբ, այնուհետև, ներկայացրեց ՀՀ-ում հակաականային ոլորտի արդի մարտահրավերները։
«Կարևորում եմ առկա խնդիրների հաղթահարման գործում տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ մասնավորապես, Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ ու ՄԱԶԾ անմիջական աջակցությամբ ՀՀ-ում «ՀԱՓԿ» կողմից կյանքի կոչված տարաբնույթ ծրագրերը: Համաձայն վիճակագրական տվյալների, աշխարհում մեկ րոպեում ականներից ու պայթյունավտանգ զինամթերքից տուժում է մեկ մարդ, ընդհանուր տուժածների 30%-ը երեխաներ են և, այդ համատեքստում, չափազանց կարևոր է մշտապես ակտիվացնել պայթուցիկ զինամթերքի իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որը միտված է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը»: - ասաց Վաղինակ Սարգսյանը։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին հումանիտար հակաականային գործունեության առանձնահատկությունները, անդրադարձ կատարվեց առկա մարտահրավերներին, քննարկվեցին ոլորտի առաջնահերթությունները, նորարարությունները, նոր մոտեցումները։
«Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան» բնորոշ կահավորված ճեմասրահում «ՀԱՓԿ» մասնագետները կազմակերպել էին հակաականային գործողությունների ցուցադրություն։ Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու ականազերծման գործընթացներին, ինչպես նաև պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետներից տեղեկանալու անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին։
