Բազմաթիվ երկրներում, այդ թվում Հայաստանում, առկա է ականային և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) աղտոտվածություն, որը սպառնալիք է խաղաղ բնակչության և այդ երկրների հետագա տնտեսական զարգացման համար։
Հայաստանում ականային խնդիրն առաջացել է Ադրբեջանի հետ երկարաժամկետ հակամարտության արդյունքում և ընդգրկում է երկրի 11 մարզերից 4-ը։ Առկա է 42մլն մ2-ից ավել աղտոտված տարածք, հաշվառված է 805 տուժած ՀՀ քաղաքացի, իսկ 2023 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 120 000 հայ բնակչության շրջանում կա 700-ից ավել պայթուցիկ զինամթեքրից (ՊԶ) տուժած քաղաքացի, որոնք գտնվում են սոցիալապես խոցելի վիճակում։
Հակահետևակային, հակատանկային ականներով, կասետային և այլ զինամթերքով կամ դրանց մնացորդներով աղտոտված տարածքները սպառնալիք են հանդիսանում երկրի բնակչության համար՝ վտանգելով մարդկանց առողջությունը, խոչընդոտելով բնակչության ազատ տեղաշարժին, կոմունիկացիաների կառուցմանը, հողերի մշակմանը, տվյալ տարածքներում տարաբնույթ սոցիալական, տնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչն, իր հերթին, շղթայական ռեակցիա է առաջացնում՝ խաթարելով տնտեսության կայուն զարգացմանը։
Առաջանում է նաև բարոյահոգեբանական խնդիր, քանզի տուժածների որոշակի մասն անաշխատունակ է դառնում ականային վնասվածքներ ստանալու պատճառով, ակամա դառնում են նաև «սոցիալական դեպրեսիվ շերտ»։ Հոգեբանորեն նրանք իրենց համարում են ընտանիքների «ուսերին բեռ»՝ աշխատելու անկարողության պատճառով, և կարիք ունեն վերաինտեգրման։ Միաժամանակ, ականներից տուժած անձիք կարիք ունեն պետության ֆինանսական և տնտեսական աջակցության, ինչն, ըստ էության, լրացուցիչ հոգս է ցանկացած կառավարության համար։
Հակաականային գործունեությունն աղտոտված տարածքներ ունեցող երկրների համար կարևորագույն գործառույթ է։ Հիշյալ աշխատանքի ՕԳԳ-ի բարձրացման հարցը հրամայական է։ Կարևորագույն խնդիր է առավելագույնս սեղմ ժամկետներում կազմակերպել հողերի, տարածքների մաքրման ու ազատման աշխատանքները, որոշել մաքրվող տարածքների թիրախային առաջնահերթությունները, բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը և նպաստել վարքագծի փոփոխությանը, իրականացնել տուժածների թիրախային և համակարգված աջակցության ներդաշնակ ու փոխկապակցված աշխատանքներ, մաքրման գործընթացով աջակցել սոցիալ-տնտեսական տարաբնույթ ծրագրերի կյանքի կոչելուն։ Հակաականային գործունեությունը չի կարող լինել բացառապես նեղ մասնագիտական գործառույթ ու գործել «մաքրել զուտ մաքրելու համար» սկզբունքով։ Այն պետք է գործի սոցիալ-տնտեսական ծրագրերի համատեքստում՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կառույցների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շղթայում։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ–ը երկար ժամանակ ուսումնասիրություններ և հետազոտություններ է իրականացրել վերոշարադրյալ խնդիրների ոլորտում՝ համագործակցելով ՄԱԿ-ի Զարգացման ու Պարենի Համաշխարհային Ծրագրերի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ։ Համատեղ ստեղծել և իրականացրել են մի շարք պիլոտային ծրագրեր՝ նպատակ հետապնդելով գտնել հիշյալ խնդիրների լուծման ամենաօպտիմալ տարբերկները։ Ներկայումս հակաականային գործունեության ոլորտը Հայաստանում գործում է բարդ, սակայն նորարարական համատեքստում։ Համապատասխանաբար ավելի մեծ ուշադրություն է դարձվում, թե ինչպես ենք մենք և մեր գործընկերները համատեղ աշխատանքի արդյունքները վերածում համայնքների և մարդկանց համար երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ու բնապահպանական օգուտների՝ նոր կարողությունների, ակտիվների, նոր համակարգերի ներդրման և փորձի շնորհիվ: Դրանք ներառում են այս ոլորտին առնչվող համալիր հարցերը, այդ թվում՝ առաջնահերթությունների որոշումը, պետական ինստիտուտների, մասնավոր սեկտորի, միջազգային կառույցների, տեղական ու միջազգային ՀԿ-ների հետ համագործակցությունը, տեղեկատվության հավաքագրումը և կառավարումը, տարածքների մաքրումը, վտանգների իրազեկումը և վարքագծի փոփոխությունը, տուժածների աջակցությունը, տուժածների ներգրավումը վտանգի իրազեկման գործընթացում ու դրանով իսկ նպաստելով վերջիններիս վերաինտեգրմանը հասարակության մեջ, շրջակա միջավայրի պահպանումը, միջազգային համագործակցությունը, նորարարական մոտեցումները, արհեստական բանականության կիրառումը վերլուծական ու պլանավորման աշխատանքներում և այլն։ Գործընթացը հստակ նախանշում է այն ճանապարհային քարտեզը, որի օգնությամբ մեծ արդյունավետությամբ և սեղմ ժամկետներում հնարավոր կլինի առավելագույնս մեղմել, իսկ շատ դեպքերում նաև վերջնականապես լուծել ականային և ՊՊՄ աղտոտավածության պատճառով առաջացող խնդիրները։ Ըստ էության ստեղծված ծրագիրը ենթադրում է «ՀԱՓԿ»-ի ներդաշնակ համակարգված աշխատանք տարբեր սոցիալական, տնտեսական և աջակցող ծրագրեր իրականացնող միջազգային ու տեղական կազմակերպությունների, ինչպես նաև աղտոտված տարածքներ ունեցող մարզերի տեղի ինքնակառավարման մարմինների հետ՝ ստեղծելով տեղեկատվական-աշխատանքային բազա՝ «ցանց»։ Վերջինիս համակարգված աշխատանքի ընթացքում առաջնահերթություն տրված համայնքներում (ժամանակի ընթացքում՝ բոլորը), համալիր պլանավորման գործողությունների և աշխատանքների արդյունքում, իրականացվում է աղտոտված տարածքների վերջնական հետազոտություն, մաքրման աշխատանքների և սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում, աղտոտված տարածքների մաքրում ականներից և ՊՊՄ-ներից, տվյալ տարածքները «Կանաչ պիտակ» հավաստագրով համայնքների հանձնում, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում, ընդհանուր գործունեության, այդ թվում ականային մնացորդային ռիսկերի և սոցիալական ծրագրերի լիարժեք իրականացման մշտադիտարկում և վերլուծություն՝ ծախս-արդյունավետություն տեսանկույնից։
Այս մոտեցմամբ «ՀԱՓԿ»–ն առաջնահերթություն է տալիս ականների/ՊԶ խնդիրը ոչ միայն համայնքների թվով կամ աղտոտված տարածքների չափսով սահմանելուն, այլև՝ ականների/ՊԶ ազդեցությամբ մարդկանց և համայնքների վրա։ Այլ կերպ ասած՝ «ՀԱՓԿ»–ը կարևորում է իր գործունեության հիմքում ավելի շատ ընդգրկել մարդկանց և համայնքների վրա սոցիալական, տնտեսական, վարքագծային և բնապահպանական ազդեցության գնահատումները կայուն զարգացման, հողերի ազատման և շրջակա միջավայրի պաշտպանության համատեքստում։ Այս փոխակերպումը ոչ միայն հանգեցնում է հակաականային գործունեության որակի բարելավմանը, այլև՝ աջակցում է հակաականային գործունեության ինտեգրմանը համայնքների հետկոնֆլիկտային վերականգնմանը և զարգացմանը։
Մենք դա կոչում ենք «Կանաչ հակաականային գործունեություն»։ Այն եռափուլ է և ներառում է հետևյալը․
- առաջին փուլ՝ աղտոտված տարածքների մշտադիտարկման համակարգի ձևավորում
• աղտոտված տարածքների մշտադիտարկում՝ կարճաժամկետ (նախամաքրման) և երկարաժամկետ (հետմաքրման) կտրվածքով,
• հաստատված վտանգավոր տարածքների մաքրում (տեխնիկական հետազոտություն/մաքրման և հողերի ազատման աշխատանքներ),
• պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկում տեղի բնակչության շրջանում (ըստ տարիքային խմբերի, առնվազն 4 տարի ժամկետով)։
- երկրորդ փուլ՝ սոցիալ–տնտեսական, վարքագծային և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում
• Սոցիալ-տնտեսական ազդեցության վերլուծություն,
• Սննդի անվտանգության բաղադրիչների վերհանում,
• Վարքագծի փոփոխության տարբերության գնահատում,
• Շրջակա միջավայրի վրա ականային/ՊԶ ազդեցությունների վերացմանն ուղղված գործողություններ։
- երրորդ փուլ՝ տուժածների աջակցություն
• ՊԶ տուժածների տվյալների մոնիտորինգ և հաշվառման բազաների թարմացում,
• Կարիքների գնահատում և առաջնահերթությունների դուրսբերում,
• Տուժածների սոցիալական ինտեգրում,
• Անհատական առաջնային խնդիրների լուծման մեթոդով աջակցության ցուցաբերում։
Վերոշարադրյալի իրականացման շրջանակներում, սկսած 2022 թվականից, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը, համագործակցելով ՄԱԿ-ի մի շարք ծրագրերի հետ, իրականացրել է պիլոտային ծրագրեր ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ, Որոտան, Գեղարքունիքի մարզի Սոթք, Գեղամասար, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Կեչուտ բնակավայրերում։ Արդյունքում ստեղծվել է սոցիալ–տնտեսական ոլորտի վրա աղտոտված տարածքների ազդեցության վերլուծական-օպերացիոն ծրագիր։ Դրա շրջանակներում «մի՛ վնասիր» սկզբունքով կատարվել է հողերի մաքրում՝ «Կանաչ Պիտակ»-ի տրամադրմամբ, տնտեսական ծրագրերի (ոռոգման համակարգ, ջերմոցային տնտեսություն, խոտհարքերի վերականգնում և այլն) ներդրում, բնակչության ՊԶՎ իրազեկում, ՊԶՎԻ ներդրում դպրոցական ծրագրում և ուսուցիչների վերապատրաստում, թիրախային սոցիալական ծրագրեր՝ տուժածներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցություն։
«Կանաչ հակաականային գործունեության» իրականացման արդյունքում ամրապնդվում և նոր համագործակցային եզրեր են նախանշվում միջազգային կառույցների և ՀՀ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ Օգտագործվում են նորարարական մոտեցումներ, ինչպես նաև ստեղծվում է դաշտ միջազգային հումանիտար ծրագրերը ՀՀ-ում լիարժեք և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։
Դրա արդյունավետ շարունակականությունն ապահովելու նպատակով կարևորվում է «ՀԱՓԿ»–ի կարողությունների դինամիկ և համակարգված զարգացումը։ Այն նաև ներառում է ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցում, միջազգային կառույցների հետ հումանիտար հակաականային ոլորտում համագործակցություն, աշխատանքների կազմակերպման և իրականացման շրջանակներում ցանցային գործընկերության ձևավորում։ Այս նպատակներով ստեղծված Խորհրդատվական խումբը, կազմված ազգային և միջազգային կազմակերպությունների, ՀՀ-ում գործող ՄԱԿ գրասենյակների, Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի (ԺՀԱՄԿ/GICHD) և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից, աջակցում է Կենտրոնին, տալիս է խորհրդատվություն կարևորագույն հարցերի լուծման վերաբերյալ՝ գործիքակազմի և նորագույն տեխնոլոգիաների կիրառման ու ներդրման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խորհրդատվական խումբն աջակցում է «ՀԱՓԿ»-ին և այլ շահագրգիռ կողմերին ընդլայնել հասանելի մասնագիտական շփումների ցանցերը և հնարավորությունները՝ օժանդակելով ստանալ չպարտադրող մասնագիտական խորհուրդներ, փորձ, գիտելիքներ և կոնտակտներ, որոնք այլ կերպ դժվարահասանելի են։
«ՀԱՓԿ»–ի կողմից իրականացրած բազմաբնույթ մասնագիտական աշխատանքները և հետազոտություններն արդեն «ցուցադրել» են իրենց «կանաչ ծիլերը»՝ հիմք տալով իրականացնելու «Կանաչ հակաականային գործունեություն» ծրագիրը, որտեղ կանաչը խորհրդանշում է անվտանգություն, ապահովություն և զարգացում։ Մարտահրավերն այն է, թե ինչպես այս «կանաչ ծիլերով» կարող են նպաստել համայնքների և երկրի համար երկարաժամկետ սոցիալ–տնտեսական և բնապահպանական օգուտներ ունենալուն։
Կարելի է փաստել, որ «Կանաչ հակաականային գործունեություն» անունը կրող ծրագիրը, հանդես գալով տարբեր տնտեսական ծրագրերի ընդհանրական շղթայում, իրապես մեծ ներուժ ունի և կարող է նպաստել երկրի կայուն տնտեսական զարգացմանը։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյան