ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես նշվեց «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»-ը Երևանում

05.04.2022

2005 թվականից ի վեր ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ճանաչվել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»։ Այս առիթով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի հետ համատեղ, ապրիլի 4-ին կազմակերպեց «Միասին ընդդեմ ականների» թեմայով միջազգային կլոր սեղան-հանդիպում։ 

Կլոր սեղանի ընթացքում խոսքով հանդես եկան «Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Վիկտոր Քլարքը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և այլ շահարգրիռ ներկայացուցիչներ։

 «Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ՀՀ-ում հակաականային ոլորտում կատարված աշխատանքներն ու արդի խնդիրները։

«Հակաականային գործունեությունը ՀՀ-ում նպատակ ունի նվազեցնելու ականների և պայթուցիկ զինամթերքի վտանգը, ինչպես նաև դրանից բխող սոցիալական, տնտեսական և բնապահպանական բացասական ազդեցությունը: Մեր առաքելությունն է մաքրել տարածքները ականներից և պայթուցիկ զինամթերքից, անվտանգ դարձնելով դրանք, որպեսզի տեղի բնակչությունը շահագործի մաքրված տարածքները մշակելու, անասնապահության կամ այլ գյուղատնտեսական նպատակներով։ Պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներին զուգահեռ, վերջին երեք տարվա ընթացքում 18 344 քաղաքացու և դպրոցականների իրազեկել ենք անվտանգ վարքագծի կանոնները, այսպիսով բարձրացնելով մարդկանց իրազեկվածության մակարդակը»,- ասաց Վաղինակ Սարգսյանը։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ինչպես նաև «ՀԱՓԿ» ՊՈԱԿ խորհրդի նախագահ Արման Սարգսյանը նույնպես ողջունեց ներկաներին և կարևորեց Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառումների անցկացումը։

Հայաստանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Վիկտոր Քլարկն ասաց։ «Միացյալ Թագավորությունն աջակցում է ՄԱԿ-ի գլոբալ ծրագրին, որը կենտրոնացած է ականազերծման գործողությունների վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջաններում: Ականներն անխտիր մարդասպաններ են։ Նրանք չեն ճանաչում հակամարտող կողմերին, տարիքը կամ պատկանելությունը: Նրանք արգելակում են ազատությունը և սահմանափակում գյուղատնտեսական գործունեությունը և տնտեսական նպատակով հողօգտագործումը: ՄԱԿ-ը վճռորոշ դեր է խաղում ականազերծող գործակալություններին համակարգելու և աջակցելու գործում՝ ազատելու Հարավային Կովկասն ականների արհավիրքից»:

«Միավորված ազգերի կազմակերպության տեսլականն է՝ ունենալ ականների վտանգից զերծ աշխարհ, որտեղ մարդիկ կկարողանան ապրել անվտանգ միջավայրում։ Հայաստանում ՄԱԶԾ-ն կաջակցի ազգային հաստատությունների, մասնավորապես՝ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի կարողությունների  հզորացմանը, որը Հայաստանում հակաականային գործունեության համակարգման եւ իրականացման համար պատասխանատու ազգային մարմինն է» իր խոսքում նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Միջոցառման ընթացքում քննարկվեցին հակաականային գործունեության արդիական խնդիրները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև հետագա համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ։

Նույն օրը կայացան նաև բացօթյա միջոցառումներ Հյուսիսային պողոտայում և Մոսկվա կինոթատրոնի տարածքում։

 

Հյուսիսային պողոտայում «ՀԱՓԿ»-ի մասնագետները ցուցադրեցին ականազերծման գործընթացն ականորսիչներով և գործիքներով՝ կրելով համապատասխան պաշտպանիչ հանդերձանք։ Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) մասնագետները իրազեկեցին և բաժանեցին անվտանգ վարքագծի կանոնների մասին բուկլետներ մեր քաղաքացիներին։

«Մոսկվա» կինոթատրոնի տարածքում ներկայացվեց ականների վտանգի թեմայով թատերական ներկայացում՝ մարդկանց ցուցադրեցին անվտանգ վարքագծի դրսևորումները։ Արվեստի դպրոցի մի խումբ երեխաներ նկարեցին ականային վտանգի թեմայով, պարեցին և թմբուկ նվագեցին, այդպիսով իրենց երախտագիտությունը հայտնելով հակաականային գործունեության իրականացնողներին։

Որպես օրվա լավագույն ավարտ երեխաները համախմբվեցին #միասինընդդեմականների պաստառներով մեկ լուսանկար նկարվելու համար, փաստելով՝ իրազեկված են և միասնական։