ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող մարզերի երեխաների համար» ամառային ճամբար 2023

60 երեխա Սյունիքի, Գեղարքունիքից, Վայոց ձորից և Տավուշից

17.08.2023

Օգոստոսի 9-15-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը` («ՀԱՓԿ») ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համանքում կազմակերպել էր «Ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող մարզերի երեխաների համար» ամառային ճամբար: 

Կարևորելով ականային վտանգ պարունակող տարածքներում բնակվող երեխաների իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ «ՀԱՓԿ»-ն ամառային ճամբարում ընդգրկել էր ականների և պայթուցիկ զինամթերքի վտանգի ենթակա սահմանամերձ համայնքներում բնակվող, ինչպես նաև ականներից տուժած ընտանիքների 60 երեխա:

Ամառային ճամբարի ընթացքում Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի  երեխաների համար կազմակերպվեցին անվտանգ վարքագիծ դրսևորելու իրազեկման դասընթացներ, ինչպես նաև մտածողության զարգացմանը, սոցիալական ինտեգրմանը, հոգեբանական վիճակի բարելավմանը և ակտիվ ժամանցի ապահովմանն ուղղված դասընթացներ, խաղեր և արշավ։ 
Անվտանգ վարքագծի համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձևավորող ճամբարի հագեցած օրակարգը ներառում էր նաև առողջ սննդակարգի, առաջին օգնության, կավագործության, գորգագործության, թելագործության և ուլունքագործության, քննատադական մտածողության զարգացման, ֆիզիկական պատրաստության  դասընթացներ, ինչպես նաև ժամանացային և ինտելեկտուալ խաղերի կազմակերպում։ 

Դասընթացներն իրականցրեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»- մասնագետները, ինչպես նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, «Զարկ» հասարակական կազմակերպության, Հայկական կարմիր խաչի ընկերության, «Աստղավարդ» հասարակական կազմակերպության, «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի մասնագետները։ 
Դասընթացների վերջին օրը կազմակերպվել էր ուսումնական ականներով և զգուշացնող նշաններով կահավորված երթուղով քայլարշավ, որի ընթացքում երեխաները, հանդիպելով վտանգավոր առարկաների, դրսևորել են ճամբարում ձեռք բերած անվտանգ վարքագիծ։ 

Ճամբարի ընթացքում դասընթացների և մրցակցային խաղերի արդյունքում երեխաները ստացել են միավորներ։ Ամառային ճամբարի ավարտին բոլոր երեխաները ստացել են նվերներ, իսկ առավելագույն միավոր վաստակած խումբը պարգևատրվել է գավաթով։

Ամառային ճամբարն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի ծառայության արտաքին քաղաքական գործիքակազմի ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։
 

Տեքստ