Ս․թ․ փետրվարի 15-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ են այցելել ԻԻՀ հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմը՝ տնօրեն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադիի գլխավորությամբ։
Հյուրերն այցելել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, կարողություններին, ականատես եղել դաշտային գործնական պարապմունքներին։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել հակաականային գործունեության ոլորտում ՀՀ և ԻԻՀ միջև առկա համագործակցությունը և շեշտել փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։
Պարոն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, փաստել ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, հույս հայտնել, որ հայաստանյան հանդիպումը ևս կունենա դրական արդյունք և հիմք կհանդիսանա համագործակցության հետագա զարգացման համար։
- Հումանիտար ականազերծման գործողությունը կարևոր է այն առումով, որ փաստացի մարդու կյանքն է փրկվում, ինչպես նաև ստեղծվում պայմաններ՝ նրա անվտանգ ապրելակերպի համար: Պատրաստակամ ենք այս ոլորտում «ՀԱՓԿ»-ի հետ լայնածավալ և երկարաժամկետ համագործակցության,- նշել է պարոն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու հետ կապված հարցեր՝ մասնավորապես, շոշափվել է ԻԻՀ ՀԳԿ միջազգային ուսումնական կենտրոնում «ՀԱՓԿ» մասնագետների վերապատրաստման հնարավորությունը:
Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխգործակցության հուշագիր։