«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետ Մերի Մխիթարյանը ընտրվել է պայթուցիկ զինամթերքի ռիսկերի ուսուցման խորհրդատվական խմբի (EORE AG) հիմնական անդամ՝ երկամյա ժամկետով` նախաձեռնված «Ժնևի միջազգային հումանիտար ականազերծման կենտրոն»-ի (GICHD) կողմից։
Ընտրությունն անցկացվել է ականազերծման գործողությունների ազգային մարմինների ներկայացուցիչների միջև՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Լիբիայից, Իրաքից, Խորվաթիայից, Պակիստանից և Շրի Լանկայից։
Ռիսկերի վերաբերյալ կրթության խորհրդատվական խմբի (EORE AG) նպատակն է ոլորտին տրամադրել ընդհանուր ուղեցույց և բացահայտել այն հնարավոր ուղիները, որոնց միջոցով հնարավոր կլինի բարելավել ռիսկերի վերաբերյալ կրթության ինտեգրումը, արդյունավետությունը, արդյունավետ օգտագործումը և համապատասխանությունը՝ թե՛ ականազերծման ոլորտում, և թե՛ դրա սահմաններից դուրս։
Խմբի նպատակներն են՝
Ապահովել, որ ռիսկերի ուսուցման չափանիշները, ուղեցույցները, մեթոդներն ու մոտեցումները լինեն արդիական, արդյունավետ և հարմարեցված նոր ի հայտ եկող սպառնալիքներին ու պահանջներին։
Ապահովել ռիսկերի ուսուցման ամբողջական ինտեգրումը ականազերծման գործողությունների ծրագրերում։