ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի է ունեցել ականազերծման գործողությունների ազգային մարմին՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ նոր գրասենյակի բացման արարողությունը

04.07.2024

Ս․թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել ականազերծման գործողությունների ազգային մարմին՝  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ նոր գրասենյակի բացման արարողությունը։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ նոր գրասենյակը հիմնանորոգվել, կահավորվել և հագեցվել է նոր տեխնիկայով ու անհրաժեշտ այլ միջոցներով։ 
Բացման արարողությանը ներկա են եղել Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավարները, ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունների ներկայացուցիչները։
Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը հումանիտար համագործակցության մեդալով պարգևատրել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԿ ՊՀԾ ղեկավար Նաննա Սկաուին, ինչպես նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ռազմական կցորդ Ան Ցյանին։
Հակաականային ոլորտում համագործակցության և ներդրած ավանդի հատուկ շնորհակալագրերով պարգևատրվել են տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Ներկաները շնորհավորական խոսք են ուղղել «ՀԱՓԿ» անձնակազմին և հայտնել իրենց պատրաստակամությունը` համագործակցության հետագա զարգացման համար։ 
Միջոցառման ընթացքում հյուրերին տեսաշարի միջոցով ցուցադրվել է «ՀԱՓԿ» 2024 թվականին կատարած աշխատանքները, այնուհետև նրանք շրջել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ նոր գրասենյակում։