Ընթացիկ տարում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ մասանագետները պարբերաբար պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ են կազմակերպել ՀՀ Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաաղաքում։ Դպրոցների երեխաները, ուսուցչական կազմը, ինչպես նաև համայնքի բնակիչներն իրազեկվել են ականների ու չպայթած զինամթերքի վտանգի և անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին։ Ընդհանուր առմամբ, այս տարի իրազեկվել է ՀՀ 5478 քաղաքացի։
Ս․թ․ մարտ-ապրիլ ամիսներին «ՀԱՓԿ» ուսումնական կենտրոնում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» և «Աստղավարդ» հասարակական կազմակերպությունների մասնագետների համար կազմակերպվել են «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի վերապատրաստման» դասընթացներ։ Տեսական և գործնական քննությունները բարեհաջող հանձնած նշյալ կազմակերպությունների մասնագետները «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից հավաստագրվել և իրավունք են ստացել ՀՀ մարզերում մեկ տարի ժամկետով իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։
«ՀԱՓԿ» կողմից առաջին անգամ հայտարարվել է կին ականազերծողների ընդունելություն: Դիմորդներից ընտրված թեկնածուներին «ՀԱՓԿ» ուսումնական կենտրոնում կազմակերպվել է «Ձեռքով ականազերծում» թեմայով դասընթաց, որի շրջանակներում նրանց ուսուցանվել է հակաականային գործունեությունը, հումանիտար ականազերծումը և, գործնական պարապմունքների միջոցով, ձեռքով ականազերծման հմտությունները: Տեսական և գործնական քննությունները բարձր գնահատականներով հանձնած մասնակիցները ստացել են ականազերծողի որակավորում և աշխատանքի անցել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ում։
Ուսումնական կենտրոնում, ապրիլ-մայիս ամիսներին, «ՀԱՓԿ» օպերացիոն բաժնի աշխատակիցների համար նաև կազմակերպվել են «Ինքնաշեն պայթուցիկ սարքերի ճանաչում և որոնում», «Ձեռքով ականազերծում», ինչպես նաև «Մարտական գործողությունների տարածքների մաքրում» թեմայով գործնական և տեսական վերապատրաստման դասընթացներ:
Ս․թ․ մայիսի 29-ին «ՀԱՓԿ» ականազերծողները մեկնել են ՀՀ Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայր, որտեղ, ըստ տարեկան պլանի, նախատեսված է իրականացնել մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։