ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Կամբոջայի թագավորությունում

31.10.2023

Հոկտեմբերի 15-25-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչները, «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում պաշտոնական այցով գտնվել են Կամբոջայի թագավորությունում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի ծառայության արտաքին քաղաքական գործիքակազմի կողմից։

Հոկտեմբերի 17-19-ին «ՀԱՓԿ» պատվիրակությունը, տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցել է «Հակահետևակային ականների օգտագործման, պահեստավորման, արտադրման և տեղափոխման արգելման ու դրանց ոչնչացման կոնվենցիայի շրջանակներում, հակահետևակային ականներից և այլ պայթուցիկ զինամթերքից տուժածներին աջակցություն և հաշմանդամների իրավունքների պաշտպանություն» 3–րդ համաշխարհային համաժողովին։ «ՀԱՓԿ» կողմից ներկայացվել են այդ ոլորտում իրականացվող գործունեությունն ու նորարարությունները։ Միջոցառման պատվիրակները նաև ծանոթացել են այլ մասնակից երկրների փորձին ու մոտեցումներին: 

«ՀԱՓԿ» ներկայացուցիչներն այցելել են Կամբոջայի հակաականային գործունեության կենտրոնի (ԿՀԳԿ) տեխնիկական ինստիտուտ, որտեղ ծանոթացել են իրականացվող աշխատանքներին, գործողությունների ընթացքում կիրառվող մեթոդներին։ Հոկտեմբերի 21–ին, ԿՀԳԿ կենտրոնում ծանոթացել են կիրառվող տեխնիկային, կատարել դաշտային այցելություն, որտեղ դիտարկել են իրականացվող մաքրման աշխատանքները։ 
Այնուհետև կազմակերպվել է այց Կամբոջայի թագավորության Բաթթամբանգի Ֆիզիկական Վերականգնողական կենտրոն, որտեղ ծանոթացել են տուժածներին աջակցության համակարգին։ Նաև այցելություն է կատարվել Պայլին քաղաքի ականներից ու պայթունավտանգ զինամթերքից մաքրված տարածք, որտեղ «ՀԱՓԿ» պատվիրակությանը ներկայացվել է իրականացվող զարգացման ծրագրերը: Տեղի է ունեցել փորձի փոխանակում։
«ՀԱՓԿ» ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿՀԳԿ Թագավորական կառավարության պատվիրակ-գլխավոր տնօրեն Հենգ Ռատանային։ «ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը ԿՀԳԿ ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրել է Հայաստան՝ ամրապնդելու նոր ձևավորվող համագործակցությունը։
Այցի շրջանակներում «ՀԱՓԿ» և ՄԱԶԾ պատվիրակությունը նաև հանդիպել է Կամբոջայի Խաղաղապահ ուժերի, ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների մաքրման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն գեներալ Սեմ Սովաննիի հետ: «ՀԱՓԿ» մասնագետները ծանոթացել են այդ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ներկայացրել հակաականային ոլորտի իրենց գործունեությունը։

Այցի ավարտին «ՀԱՓԿ» պատվիրակությունը հանդիպել է Կամբոջայի Թագավորության  Ավագ նախարար և Կամբոջայի հակաականային գործունեության լիազոր մարմնի առաջին փոխնախագահ Լի Թաչի հետ, ով ողջունելով «ՀԱՓԿ» ներկայացուցիչներին հայտնել է համագործակցելու իրենց պատրաստակամությունը, նշելով, որ դա կծառայի հումանիտար առաքելության համատեղ իրականացմանը։