Ս․թ․ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։
«ՀԱՓԿ» պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Քուրդիստան նահանգում իրականացվող ականազերծման գործողությունների տարածք՝ ծանոթացել մաքրման մեթոդներին և պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին։
Այցի ընթացքում կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և Իրանի Իսլամական Հանրապետության Հակաականային գործունեության կենտրոնի (ԻԻՀՀԳԿ) առաջին աշխատաժողովը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԻԻՀՀԳԿ մասնագետների կողմից ՀՀ-ում «ՀԱՓԿ» հրահանգիչների համար պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման վերապատրաստման, ինչպես նաև ԻԻՀ միջազգային մասնագիտացված ուսումնական հաստատությունում հումանիտար ականազերծման և պայթուցիկ զինամթերքի ոչնչացման դասընթացների հնարավոր կազմակերպման հարցը։
Միաժամանակ քննարկվել է ԻԻՀՀԳԿ կողմից ՀՀ-ում հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնելու և, հնարավորության պարագայում, Իրանի հակաականային ոլորտի փորձագետներից բաղկացած պատվիրակության Հայաստան ժամանման հարցը:
Աշխատաժողովի արդյունքում կազմված արձանագրությունը երկուստեք ստորագրվել է։