«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, Եղեգնաձոր քաղաքում ապրիլի 4-ին անցկացվել է Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ։
Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» մասնագետները, կրելով համապատասխան պաշտպանիչ հանդերձանք, ցուցադրել են հումանիտար ականազերծման գործողություններ` ականորսիչներով և հատուկ գործիքներով։ Միևնույն ժամանակ, պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) մասնագետները տեղի բնակիչներին իրազեկել են անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։
Կազմակերպվել է նաև «Մեր տունն առանց ականների» խորագրով ցուցահանդես, որի նպատակն էր արվեստի միջոցով խթանել բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի՝ ականներով և պայթյունավտանգ զինամթերքով աղտոտված մարզերում բնակվող երեխաների նկարած տեսարանները: Այդ նկարների միջոցով երեխաները փորձել են ցուցադրել իրենց պատկերացումներն ականների, դրանցից առաջացող վտանգների, ինչպես նաև անվտանգ վարքագծի պահպանման մասին։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ միջոցառումն ուղեկցվել է տեղի տաղանդավոր երեխաների հատուկ համերգային ծրագրով։