Ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից ճանաչվել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»։
2011 թվականից ի վեր ՀՀ-ում հակաականային գործունեությունն իրականացնում, համակարգում, կառավարում ու վերահսկում է ականազերծման գործողությունների ազգային մարմին՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Հումանիտար հակաականային գործունեության պատկերն այսօր ՀՀ-ում
2024 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա են 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ։ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։
Հաշվի առնելով անվտանգային և սոցիալ-տնտեսական ազդեցությունները, ընթացիկ տարում, որպես առաջնահերթություն, նախատեսվել է աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները շարունակել Վայոց ձորի մարզում։
ՀՀ –ում ներկայումս հաշվառված են ականներից և պայթյունավտանգ զինամթերքից 805 տուժածներ:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը նաև իրականացնում է պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկում, որի շրջանակներում ընթացիկ տարում իրազեկվել են ՀՀ 3988 քաղաքացիներ։ Այս գործընթացը ներկայումս ևս շարունակվում է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում։
Այսօր «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ է կազմակերպել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, որի ժամանակ ներկայացվելու է «Մեր տունն առանց ականների» խորագրով ցուցահանդես և հումանիտար ականազերծման աշխատանքների ցուցադրություն: Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» մասնագետները ներկաներին նաև իրազեկելու են անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին:
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ միջոցառումը կուղեկցվի տեղի տաղանդավոր երեխաների հատուկ համերգային ծրագրով։