ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետները Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգում ևս 390 000 մ² գյուղատնտեսական նշանակության տարածք են մաքրել չպայթած զինամթերքից և հանձնել տեղի իշխանություններին

02.05.2023

Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս Նահանգի Դարայա բնակավայրում դեռևս 2016 թվականից դադարել էին մարտական գործողությունները, սակայն տարածքում առկա չպայթած զինամթերքի հետևանքով այն շարունակում էր մնալ վտանգավոր և տեղաբնակների համար փաստացի անհասանելի:

2021 թվականի հոկտեմբերին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի միջև կնքված պայմանագրով «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը ստանձնեց չպայթած զինամթերքից մոտ երկու միլիոն քառակուսի մետր տարածքների մաքրման և այն տեղական իշխանություններին հանձնելու գործը: 

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայի տեղական իշխանություններին արդեն իսկ հանձնվել է մակերեսային մեթոդով մաքրված ավելի քան 2 000 000 մ² և ենթամակերեսային ավելի քան 1 400 000 մ² գյուղատնտեսական նշանակության տարածքներ:

2023 թվականի ապրիլի 27-ին տեղի է ունեցել ընթացիկ տարվա աշխատանքների արդյունքում 390 000 մ² մաքրված տարածքի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Կատարված աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի 70 հատ ինքնաշեն և գործարանային արտադրության չպայթած զինամթերքներ, որոնք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետների կողմից սահմանված կարգով տեղափոխվել են նախանշված հատուկ տարածք: 

Այդ միջոցառմանը ներկա են գտվել Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարներ, Սիրիայում հավատարմագրված օտարերկյա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տեղական իշխանություների ներկայացուցիչներն իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ ցուցաբերած բացառիկ աջակցության համար:

«Հայ ականազերծողների շնորհիվ է, որ այսօր հազարավոր մարդիկ վերադարձել են իրենց բնակավայրերը և շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով և դրա արդյունքում հետզհետե բարելավում է նրանց սոցիալական վիճակը» - իր խոսքում նշել է նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մաքրված տարածքների հանձնման-ընդունման վկայականի քառակողմ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որը ՀՀ-ի կողմից ստորագրել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ, սիրիական «Սեֆթի Սոլուշըն» ընկերության, Դամասկոսի նահանգային իշխանության, Սիրիայում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները և ծրագրի որակի պատասխանատուները:

Սիրիայի Արաբական Հանրապետությունում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից իրականացվող աշխատանքները շարունակվում են: