Ս/թ․ հունվարի 18-ին ճանաչողական այցով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոն է այցելել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ պարոն Ան Ցյանը։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ցյանին այցելության համար։
- Հայ-չինական հարաբերությունները սերտ են, չինացի ժողովուրդը մշտապես ջերմ է վերաբերվում Հայաստանին։ Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված վերջին ռազմական գործողությունների ընթացքում հրթիռակոծման ու հրետակոծման են ենթարկվել ՀՀ բազմաթիվ բնակավայրեր, ինչի հետևանքով ականներով ու պայթունավտանգ զինամթերքներով աղտոտված տարածքներն ավելացել են: Այս հանգամանքն ակնհայտ վտանգում է խաղաղ բնակչության ազատ տեղաշարժին ու բնականոն կենսագործունեության իրականացմանը: Այդ իսկ պատճառով ականազերծումը մնում է հրատապ լուծման օրակարգային հարց,- նշել է Վաղինակ Սարգսյանը և հույս հայտնել, որ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ և ՉԺՀ միջև կստեղծվի հիմք համագործակցութուն համար և այն կունենա զարգացում:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ պարոն Ան Ցյանն իր խոսքում կարևորել է հումանիտար ականազերծման դերակատարությունը մարդկանց անվտանգությունն ապահովելու գործում։
Ճանաչողական այցի ընթացքում պարոն Ցյանը ծանոթացել է «ՀԱՓԿ» գործունեությանը, ուսումնական բազայի կարողություններին: Քննարկվել են հումանիտար ականազերծման ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները, փորձի և գիտելիքների փոխանակման հարցերը։