ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող համայնքների և ընտանիքի երեխաների համար» ամառային ճամբար

Ճամբարի երեխաներին այցելել են «ՀԱՓԿ» ղեկավար անձնակազմը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Փոլ Մորիսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։

29.08.2022

Օգոստոսի 15-25-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցության շրջանակներում, Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում կազմակերպել էր «Ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող համայնքների և ընտանիքի երեխաների համար» ամառային ճամբար:

Կարևորելով ականային վտանգ պարունակող տարածքներում բնակվող երեխաների իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ «ՀԱՓԿ»-ն ամառային ճամբարում ընդգրկել էր ականների և պայթուցիկ զինամթերքի վտանգի ենթակա սահմանամերձ համայնքներում բնակվող, ինչպես նաև ականներից տուժած ընտանիքների 56 երեխա:

Ամառային ճամբարի ծրագիրը երեխաների մոտ ձևավորեց անվտանգ վարքագիծ, ինչպես նաև նպաստեց նրանց ֆիզիկական և մտավոր զարգացմանն ու սոցիալական վերաինտեգրմանը։

Անվտանգ վարքագծի համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձևավորող ճամբարի հագեցած օրակարգը ներառում էր նաև շախմատի, պարի, մտածողության, ֆիզիկական պատրաստության դասընթացներ, ինչպես նաև ինտելեկտուալ և մրցակցային խաղեր, պատմական, գեղարվեստական ֆիլմերի դիտումներ։ Դասընթացների վերջին օրը կազմակերպվել էր ուսումնական ականներով և զգուշացնող նշաններով կահավորված երթուղով քայլարշավ, որի ընթացքում երեխաները, հանդիպելով վտանգավոր առարկաների, դրսևորել են ճամբարում ձեռք բերած անվտանգ վարքագիծ։

Ճամբարի երեխաներին այցելել են նաև «ՀԱՓԿ» ղեկավար անձնակազմը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի  փոխդեսպան Փոլ Մորիսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Ճամբարի պայմաններին ծանոթանալուց զատ, պրն․ Փոլ Մորիսը ցանկություն է հայտնել միանալ երեխաների ուսումնական քայլարշավին։ Ճանապարհին երեխաները հյուրերին ներկայացրել են ճամբարից ստացած տպավորություններն ու գիտելիքը։ Նշենք, որ «ՀԱՓԿ»-ը և ՄԱԶԾ-ն համատեղ իրականացնում են «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից։

Ճամբարի ընթացքում դասընթացների և մրցակցային խաղերի արդյունքում երեխաները ստացել են միավորներ։ Ամառային ճամբարի ավարտին բոլոր երեխաները ստացել են նվերներ, իսկ առավելագույն միավոր վաստակած խումբը պարգևատրվել է գավաթով։